Հայ գործարարները Բաքվում

Հայերը Բաքվում ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն: Նրանք աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ոլորտում: 1850-54թթ. Բաքվի խոշորագույն կապալառուներ են դարձել թիֆլիսաբանակ վաճառականներ Կուկուջանյանը, Բաբանասյանը, գեներալ Տեր-Ղուկասյանը, հետագայում էլ` Հովհաննես Միրզոյանը: Բաքվի առաջին արդյունաբերական նավթահորը, որը սկսել է գործել 1869թ. պատկանել է Հ. Միրզոյանին:
Ըստ պաշտոնական տվյալների 1846թ. Ռուսաստանի հետ Անդրկովկասի ամբողջ առև տուրը գտնվում էր հայերի ձեռքում և  կազմում էր 5.534.600 ռուբլի: Հայկական կապիտալի ներկայացուցիչներն անընդհատ ներգրավվում էին նոր գործարար ոլորտներում:

1872թ. կառավարության հայտարարած աճուրդի արդյունքում  նավթահորերի սեփականտերեր են դառնում 12 ռուսներ, 11 հայ գործարարներ /Հ. Միրզոյան, Գ. Լիանոսյան և  ուրիշներ/, և  մեկ հայկական ընկերութուն` «Սոուչաստնիկի» անվամբ, որի հիմնադիրներն էին Բոգդան Դոլուխանյանը և  Մինաս Կաճկաճյանը: 
1878թ. շուշեցիներ Սամվել Բաղիրյանը և  Հարություն Մադաթյանը, միանալով Բրունո դե Բուրի հետ, հիմնում են «Կասպից ընկերակցություն» նավթարդյունաբերական և  առև տրական ֆիրման, որը 1888թ. ամբողջությամբ անցնում է Ղուկասյան եղբայրներին ու  Հովհաննես Տեր Մարկոսյանին:  

Բաքվի հայ գործարարների կարկառուն ներկայացուցիչներից է Աելքսանդր Մանթաշյանը, որը մեծ հեղինակություն ուներ նավթարդյունաբերության մեջ: 1894թ. փետրվարին Ալ. Մանթաշյանի հայկական խմբավորման և «Բաքվի կերոսինի գործարանատերերի միության» միջև  համաձայնագիր է կնքվում, որով հայ գործարարները հնարավորություն են ստանում անարգել դուրս գալ համաշխարհային շուկա:    

1902թ. դրությամբ Բաքվում և  հարակից շրջաններում գործող 136 ձեռնարկություններ արդյունահանել են 636.528.852 փութ նավթ, իսկ առաջատար 24 ֆիրմաները` 521 մլն փութ: Այս 24 ընկերություններից 13-ը հայկական էին, որոնք  արտադրել են 203 մլն փութ նավթ կամ ընդհանուր ծավալի 39% -ը:

1907թ. դրությամբ Բաքվում արտադրվող 448 մլն փութ նավթի 54.4%-ը և  1917թ. դրությամբ արդյունահանված նավթի 368 մլն փութ նավթի ընդհանուր ծավալի 53%-ը արդյունահանվել է հայկական ընկերությունների կողմից:

19-րդ դարի վերջին կարճ ժամանակահատվածում կազմավորվել են մի շարք նոր հայկական ընկերություններ: Հայ գործարարներն իրենց իմացությամբ ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հեղինակություն` կարև որ դեր խաղալով ամբողջ նահանգի  տնտեսության  զարգացման  գործում: «Միրզոյան  և  եղբայրներ», «Մանթաշյան և  ընկերներ», «Արագած» «Արաքս», «Ղուկասով եղբայրներ», «Լիասոնով և  ընկերներ» «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և  հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել են սեփական փոխադրամիջոցներ, այդ թվում նաև  ծովային: Ընդհանուր առմամբ 1912թ. Բաքվում կար 66 նավատեր անհատներ և  ընկերություններ, որոնցից 14-ը հայեր էին ու ունեին 24 նավ: Հակոբ և  Հովհաննես Ավետյանները /«Մենաստան»/, Հ. Ադամյան /« Վահան»/, «Հայկական շոգենավային ընկերությունը»  /«Աշոտ Երկաթ», «Ամասիա»/, «Վոլգա ընկերությունը» /«Արծիվ Վասպուրականի»/, «Անդրկասպյան առև տրաարդյունաբերական ընկերությունը» /«Վասպուրական»/  և  այլն:  Անգամ մի շարք ադրբեջանցիներ իրենց նավերը կոչել են հայկական անվանումներով. օրինակ` Աշուրբեկովի և  Ջաֆարովի նավը կոչվում էր «Ավետիք», Բաբաշիև ինը` «Մասիս»,  Կուլիև ինը «Արշակ», Մամեդովինը «Արարատ»: 

Հայ գործարար Գ. Լիանոզյանը համարվել է տարածաշրջանի ձուկ և  ձկնամթերք արտադրող ամենախոշոր ձեռնարկատերը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նրանց ձկնորսարանները զինված էին լավագույն տեխնիկայով: Վենեցովների ընտանիքը նույնպես նշանակալի դեր է խաղացել ձկնարդյուաբերության  զարգացման գործում:  Առև տրի, արդյունաբերության ոլորտերում, որտեղ հայերը մեծ ներդրում ու առաջխաղացում էին գրանցում, պետք է նկատել, բիզնեսի վարման վարքային մի առանձնահատկություն: Յուրաքանչյուր հայի բիզնեսում հիմնականում ներգրավվում էին իրենց հարազատները, այսինքն բիզնեսը ազգային բնույթ էր կրում: 

Պետք է նշել նաև , որ հայերը ոչ միայն զբաղվում էին տնտեսական գործունեությամբ, այլ իրենք էին ստեղծում այն գիտական հիմքը, որը նպաստում էր դրա առաջընթացին: 1911թ. հորատանցային հաստոցների, գործիքների, խողովակների արտադրությամբ զբաղվում էին 41 մեխանիկական գործարան և  ընկերություն, որոնցից 19-ը հայկական էին: Նավթադաշտերում կային 194 ամենազանազան մեխանիկական արհեստանոց, որից 95-ի սեփականատերերը հայեր էին:

1904թ. Բաքվում կար ծխախոտի 2 գործարան. դրանցից մեկը պատկանում էր Միրզաբեկյան եղբայրներին, մյուսը` Սարգիս Կարագոզյանին և  Ավետ Առաքելյանցին: 1914թ. ներկայիս Ադրբեջանի տարածքում կար ծխախոտի 7 գործարան, որոնք բոլորն էլ հայապատկան էին:

1891թ. Փիլիպոսյանց եղբայրները Բաքվում հիմնում են շոկոլադի առաջին ֆաբրիկան, որը Կովկասում միակն էր: Նույն թվականին Ա. Խարաջյանը Բաքվում հիմնում է Կովկասի հայելիների առաջին ֆաբրիկան: Անդրկովկասում միակն էր Ս. Մելիք-Ղուլամբարյանցի բնական մրգահյութերի ու հանքային ջրերի գործարանը: 

Բաքվի խմելու ջրի խնդիրը լուծելու համար վաճառական Մ.Սականյանը Կուր գետի ջուրը քաղաք հասցնելու համար գետաբերանում կառուցել է ջրամբարներ, անցկացրել է գետնափոր խողովակներ, անգամ նավահանգիստ է վարձել և  նավերով մաքուր ջուր է մատակարարել քաղաքին: 

1900-ական թթ. մանուֆակտուրայի առև տրի անառարկելի առաջատարը «Անդրկասպյան առև տրաարդյունաբերական ընկերությունն էր» /նախագահ Ս. Տեր-Օհանյան, վարչության անդամների` Մ. Սարուխանյան, Հ. Թումանյան, Ջ. Տեր Իսրայելյան, Հ. Շխյանց/: Հայերը զգալի տեսակարար կշիռ են ունեցել նաև  մետաքսագործության, բամբակագործությամբ ճյուղերում:  1907թ. քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը պատկանել են հայերին:  Քաղաքի խոշորագույն առև տրական տունը պատկանել է Թումանյան եղբայներին:

Բաքվի ֆինանսական համակարգում նույնպես հայեր մեծ դեր են ունեցել: 1875թ. «Փոխադարձ վարկի ընկերությունը»  տնօրեններ են եղել Ա. Թավրիզյանը, Մ. Մամիկոնյանը, հետագայում Այվազյան եղբայները: 1902թ. Բաքվում ստեղծվել է և ս մեկ ֆինանսական հաստատություն «Քաղաքային վարկային ընկերությունը»: Վարչության նախագահը ռուս էր, իսկ տնօրեններն էին Ա. Այվազյանն, Արամ Խան- Աղյանը: Պահպանվել են Բաքվի իշխանությունների դրամները, որոնց վրա հանդիպում ենք հայալեզու մակագրություններ: 

Այսպիսով, Բաքվի հայությունը 19-րդ դարի վերջին և  20-րդ դարի սկզբին լիրաժեք կյանքով էր ապրում` առաջնային տեղ զբաղեցնելով նավթարդյունաբերությունում, առև տրի և  արտադրության բազմաթիվ ճյուղերում, ֆինանսաբանկային ոլորտում: