Հայկական մշակութային կյանքը

19-րդ դարի 70-ականներից հայությունն իր տեղը զբաղեցրեց Բաքու քաղաքի մշակութային կյանքում: Քաղաքի հայ համայնքի շնորհիվ Բաքվում զարգացավ հատկապես թատրոնը: 

Բաքվում հայ թատերական կյանքը սկզբնավորվել է 1870-ին, երբ հայ մեծահարուստ Ն. Կրասիլնիկյանի տանը սկսել է գործել Ավագ Գրիգորյանցի` ռեալական դպրոցի սաներից կազմված դերասանական խումբը: Այն յուրովի աշխուժություն  մտցրեց քաղաքի թատերական կյանքում. (մինչ այդ գործում էր հիմնականում ռուսական թատրոնը): Առաջին ներկայացման համար ընտրվել էր Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղոն» և Սունդուկյանի  «Գիշերվա սաբրը խեր է» վոդևիլները (ռեժ. Պ. Ասլանյան, նկ. գերմանացի Կիպե): 1871թ.-ից խումբը ղեկավարել է Գևորգ Ամիրաղյանը: Իր գործունեության ընթացքում թատերախումբը խաղացել է Մ. Վանանադեցու «Մեծն Ներսեսը», Ն. Ալադաթյանի «Վայ իմ կորած հիսուն ոսկին», Գ. Սունդուկյանի «Քանդած օջախը», «Էլի մի զոհ»  և  Շիլլերի «Ավազակներ» պիեսները: 

Բաքվի հայ թատրոնում են գործել հայ դերասանական լավագույն ներկայացուցիչներ` Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Օ. Մայսուրյանը, Պ. Արաքսյանը, Ա. Վրույրը, Ա. Հարությունյանը, Վարդուհին, Ի. Ալիխանյանը, Ա. Խիթարյանը, Ս. Ադամյանը և ուրիշներ: Դերասանական այս խումբը լուրջ ազդեցություն է թողել Բաքվի հասարակության մտաշխարհի վրա: Հայերը բեմադրել են հայ դասական, ժամանակակից, ինչպես և ռուսական, եվրոպական դրամատուրգիայի ամենահայտնի պիեսները, օրինակ Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», Ա. Օստրովսկու «Արդյունավոր պաշտոն», «Անմեղ մեղավորներ», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար Աղբար», Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը», Սունդուկյանի «Պեպոն», Գոգոլի «Ռևիզոր» և այլն: Հայ «Մարդասիրական ընկերության» նախաձեռնությամբ և աջակցությամբ 1884թ. ստեղծվել է նաև Բաքվի հայկական թատերական ընկերությունը, որն էլ ավելի է աշխուժացրել  թատերական կյանքը:

1906-ին հասարակական-քաղաքական գործիչ Կ. Խատիսյանի ջանքերով Բաքվում հիմնադրվել է «Հայոց կուլտուրական միությունը», որի նպատակն էր ընդարձակել հանրակրթական և մասնագիտական դպրոցների ցանցը, նպաստել ինքնուրույն և թարգմանչական գրականության հրատարակությանը, հայոց լեզվի, բեմական գործի, երաժշտության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը: Միությունը կազմակերպում էր համերգներ, ներկայացումներ, ստեղծում երգչախմբեր, թատերախմբեր, ինչպես նաև նպաստում Բաքվի հայկական թատրոնի ընդլայնմանը: Միության գեղարվեստական հանձնախմբի նախաձեռնությամբ 1912-ին Մայիլյանների մեծ թատրոնում Անդրկովկասում առաջին անգամ բեմադրվում է  Տ. Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերան: Բաքվի հայոց կուլտուրական միությունը դադարեցրել է իր գործունեությունը 1918-ի սեպտեմբերին` Բաքվի հայերի կոտորածի հետևանքով: 

1910-20-ական թթ. Բաքվում գործել է Ամիրագոյի (Ամիրաղյան) օպերային և Յ. Ոսկանյանի դրամա-օպերետային խմբերը, որոնց մասնակցել են Արուս Ոսկանյանը, Գարագաշյանը, Օհանյանը և այլոք: Ներկայացումները մեծ մասամբ դրվել են Մայիլյանների թատրոնում, որն իր բոլոր հարմարություններով նպաստում էր դրանց հաջող ընթացքին: Այս օպերետային խմբերը Բաքվի հասարակությանն են ներկայացրել Այլամազյանի «Աշուղ Ղարիբ», Գ.Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», Հար. Թումանյանի «Այլք» և այլ օպերետներ, դրամաներից ներկայացվել է «Համլետ», «Օրլեանի կույսը», «Մեդեա», «Հին Աստվածներ», «Խենթը» և այլն:

Բաքվում Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ 1910-1917թթ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը, որը ներկայացրել է Բաքվի հայության մշակութային կյանքի ողջ անցուդարձը: 1920թ-ին Մայիլյանը  գլխավորել է Արևելյան թատերա - երաժշտական ստուդիան` հայկական, ադրբեջանական և ռուսական բաժիններով: Հետագայում այս ստուդիան անվանվել է Բունիաթզադեի անվամբ և վերածվել թատերական ուսումնարանի: Զուգահեռաբար նա ստանձնել էր նաև Բաքվի Արևելյան կոնսերվատորիայի վարիչի պաշտոնը և ղեկավարել  ադրբեջանուհիների երաժշտական դրամատիկական ստուդիան: Մայիլյանը գրել է բազմաթիվ օպերետներ ու մանկական օպերաներ, երաժշտություն է հորինել հայկական ու ադրբեջանական թատրոնների ներկայացումների համար, ստեղծել է «Հնդկական գեղեցկուհի» բալետը և «Սաֆա» օպերան: Բաքվում է ապրել և ստեղծագործել նաև հայտնի երգահան Անուշավան Տեր- Ղևոնդյանը, ով 1934-1938թթ եղել է Բաքվի կոնսերվատորիայի տնօրենը:

Բաքվի հայության երաժշտական կյանքում մեծ տեղ են ունեցել աշուղները: Նրանք շրջել են բնակավայրից բնակավայր, մասնակցել աշուղական մրցումների: Հատկապես աչքի է ընկել աշուղ Դոնին, ով համարվել է այդ շրջանի աշուղների վարպետը` ուսուցիչը: 19-րդ դարում է ապրել և ստեղծագործել աշուղ Սեյադը (Պետրոս Մադաթյան), ով նույնպես մեծ հռչակ է վայելել: 1885-ին Բաքվում իր երգչախմբով ելույթներ է ունեցել Կարա-Մուրզան, իսկ 1886-ին Մակար Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր հռչակավոր Պատարագը: 1908-ին դասախոսություններով և երգչախմբով Բաքվում հանդես է եկել Կոմիտասը, որը մեծ անդրադարձ է ունեցել քաղաքի մշակութային կյանքում:

1920թ-ից Բաքվի երաժշտական կյանքում մեծ դեր է սկսել խաղալ դիրիժոր Ա. Իոաննիսյանը, ով ստեղծել է ադրբեջանական ժողովրդական գործիքների առաջին նվագախումբը:

 Հայերը մեծ ներդրում ունեն նաև Բաքու քաղաքի կերպարվեստի բնագավառում: Այստեղ բացվել են Բաշինջաղյանի (1885), Վ. Սուրենյանցի (1901) ցուցահանդեսները: Դրանք մեծ իրադարձություն են եղել քաղաքի մշակութային կյանքում: Տեղի հայկական դպրոցներում իբրև առանձին առարկա դասավանդվել է  նկարչությունը: 1923-ին բացված «Հայարտան» նկարչական մասնաճյուղը կազմակերպել է ցուցահանդեսներ, քննարկումներ, որոնց մասնակցել են նկարիչներ Վարդան Տեր-Պողոսյանը, Էաչի Պռոշյանը, Մուշեղ Սաղյանը, Շ. Մանգասարովը և այլոք: 

Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության զինանշանի հեղինակը նկարիչ-գրաֆիկ Ռ. Շխկյանն է: Շուրջ կես դար Բաքվի գեղարվեստական ուսումնարանում նկարչություն է դասավանդել  թատերական նկարիչ Ա.Հովհաննիսյանը, ով մեծ հեղինակություն է վայելել Բաքվի մտավորակության շրջանում: